Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետին կրկին կալանավորել են

Արշակ Հակոբյանն արդեն տեղափոխվել է ՔԿՀ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը կրկին կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։
«ՀՀ վճռաբեկ դատարանի 2022թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը բավարարվել է, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը`Ա.Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու մասով, թողնվել է անփոփոխ։ Այլընտրանքային խափանման միջոցի (միջոցների) կիրառումն անբավարար է ճանաչվել»,– նշեց Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ որոշումը տրամադրվել է վարույթ իրականացնող մարմնին և հանձնարարվել ապահովել դրա պահանջների կատարումը, որի հիման վրա նույն օրը Ա.Հ.-ն կալանավորվել և տեղափոխվել է ՔԿՀ:
Հիշեցնենք` ՔԿ–ն 2021-ի նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Արշակ Հակոբյանը կալանավորվել է։
Սարգսյանի թիկնազորի նախկին պետից և ևս 4 անձից 8 մլրդ դրամի ապօրինի գույք են ուզում վերցնել
Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մաս (երկու դրվագ)) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր):
2022 թվականի հուլիսի 29-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ նա ազատ կարձակվի։