ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների առաջնորդները, որոնք Սանկտ Պետերբուրգ են մեկնել ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու, այսօր առավոտյան ծանոթացել են Ռուսական թանգարանի ցուցանմուշներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնում գտնվող թանգարանում ցուցադրվում է աշխարհում ռուսական արվեստի ամենամեծ հավաքածուն։
Նշենք, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովն անցկացվել է երեկ` դեկտեմբերի 26-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի, գագաթնաժողովին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Մինչ գագաթնաժողովի մեկնարկը տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Գագաթնաժողովն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների աշխատանքային ճաշով:
Հիշեցնենք` Փաշինյանը ՌԴ է մեկնել կնոջ` Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր հետ։