«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մեկնման և ժամանման սրահներից դեկտեմբերի 23-25-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տղամարդկանց մոտ հայտնաբերել են զենք–զինամթերք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 23-ին ոստիկանները ուղևորների ժամանման սրահում հայտնաբերել և գծային բաժին են տարել 34-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային համարով «Մակարով» տեսակի ատրճանակ։ Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,– ասված է հաղորդագրությունում։
Դեկտեմբերի 25-ին էլ օդանավակայանի մեկնման սրահում օդանավակայանի գծային բաժնի ծառայողները նկատել են կասկածելի երիտասարդի, որը դիմել է փախուստի։ Այդ ընթացքում պայուսակից նետել է ատրճանակ: Պարեկների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա ձերբակալվել և տարվել է օդանավակայանի գծային բաժին:
Բաժնում պարզվել է ինքնությունը՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 21-ամյա բնակիչ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են 9,5 մմ շեղբի երկարության ծալովի դանակ, 12 փամփուշտ և առանց գործարանային համարի ատրճանակ:
Երիտասարդը հանձնվել է օդանավակայանի քննչական բաժնի ծառայողներին:
Կատարվում է նախաքննություն: