Ուրալի և Հյուսիսային Կովկասի անվտանգության ուժերը դադարեցրել են ահաբեկչական համայնքի գործունեությունը, որը 2010 թվականից ռուսաստանցիներ է ուղարկում Սիրիա և Ուկրաինա՝ Ռուսաստանի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ քննչական կոմիտեին և ԱԴԾ-ին։
Ըստ քննչական կոմիտեի՝ պարզվել է, որ 2010 թվականից ի վեր 19 ռուստանցիներ Ուրալի և Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանների տարածքում միջազգային ահաբեկչական կազմակերպությանը ռեսուրսներ մատակարարելու համար կազմակերպել են ընդարձակ միջտարածաշրջանային ցանց։
«2021 թվականի դեկտեմբերից մինչ օրս կազմակերպիչը և խմբի 10 անդամներ բերման են ենթարկվել և կալանավորվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իմանալով, որ իրավապահների տեսադաշտում են հայտնվել` կասկածյալները թաքնվել են Խանտի Մանսիյսկի ինքնավար օկրուգում, Դաղստանում, Չեչնիայում և Տյումենի մարզում, որտեղ էլ նրանց ձերբակալել են։ Եվս ութ հանցակիցների նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։
Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության գործունեության կազմակերպման և այդպիսի կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ. մասնավորապես` ահաբեկչական համայնքի կազմակերպում, ահաբեկչական գործունեության խթանում, ահաբեկչական գործունեության իրականացման հրապարակային կոչեր, ահաբեկչության արդարացում և քարոզչություն:
Իր հերթին ԱԴԾ-ն հայտարարել է, որ խուզարկությունների ընթացքում առգրավվել են լուսանկարներ և տեսանյութեր պարունակող համակարգիչներ, որոնք ապացույցներ են պարունակում, որ խմբավորման անդամները ներգրավված են Սիրիայում «Իսլամական պետության»* և Ուկրաինայում ազգայնական ռազմական ստորաբաժանումներում:
Աահաբեկչական խմբավորման երկու անդամներ դատարանի կողմից արդեն դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման։
*Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում ու մի շարք այլ երկրներում։