Սարգիս Ստեփանյանն ու Աշոտ Ադամյանը պարգևատրվել են

Կարեն Գիլոյանն ընդունել է Սարգիս Ստեփանյանին ու Աշոտ Ադամյանին
Դեկտեմբերի 24-25-ին անցկացված ուժային եռամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցել են 44-օրյա պատերազմում հաշմանդամ դարձած մարզիկներ, սակայն նրանց թիվը նվազել է արցախցի մարզիկների բացակայության պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը շնորհակալագրերով է պարգևատրել Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին ու բազկամարտի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանին: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Նրանք պարգևատրվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և 2022 թվականին ցուցաբերած բարձր մարզական նվաճումների համար։
«Հանդիպման ընթացքում Ստեփանյանը Գիլոյանին տեղեկացրել է, որ դեկտեմբերի 24-ին և 25-ին անցկացվել է ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են նաև 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մարզիկներ: Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ մասնակիցների թիվն այս տարի նվազել է արցախցի մարզիկների բացակայության պատճառով»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին Բուխարեստում տեղի ունեցած բազկամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատար, 65 քաշային Աշոտ Ադամյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին և 8-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Կիսաեզրափակիչում էլ Ադամյանը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին։
Հայաստանի ներկայացուցիչներն այս տարի 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում, այնուհետև Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղերը, իսկ հոկտեմբերին Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը: Երկու օրվա հանրագումարում հայ մարզիկներին հաջողվել է նվաճել 8 մեդալ՝ 4 ոսկե և 4 բրոնզե: