ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Աղվան Եղոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Изображение
Նոր Խարբերդի հացի արտադրամասը
Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում ոչ միայն խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ, այլև արտադրական շինությունների կառուցվածքին, դասավորվածությանը ներկայացվող պահանջները։
«Չի ապահովվել արտադրական շինությունների լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը, սարքավորումները, գործիքները չեն պահվել նորոգ և պատշաճ վիճակում։ Նշվում է նաև, որ արտադրամասն ապահովված չի եղել աշխատակիցների համար հանդերձարաններով, լվացարաններով՝ տաք և սառը ջրով։ Արտադրամասում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստը, ինչպես նաև կոշիկներ, սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր»,– ասված է հաղորդագրությունում։
ՍԱՏՄ–ից նաև հայտնում են, որ պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, աշխատակիցներն էլ չեն ենթարկվել պարտադիր, նախնական և պարբերական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
ՍԱՏՄ–ն խախտումների վերացման համար սահմանել է ժամկետ։