ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik, Իրինա Աբրոյան. Այս տարի Հայաստանում ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ է ճանաչվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ա.Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Սիլվա Ամրազյանը: XIII հանրապետական մրցույթն անցկացրել է Երևանում Ռուսական տունը։
Կազմակերպիչները վստահեցնում են, որ մրցույթը հաջող է անցել և ցույց է տվել Հայաստանում ռուսաց լեզվի նկատմամբ կայուն հետաքրքրությունը և ռուսերեն դասավանդող մասնագետների բարձր որակավորումը: Հատկանշական է, որ բոլոր հաղթողները հանրապետության մարզային դպրոցներից են։
«Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք օգտագործել ենք լավագույն մեթոդաբանությունն ու պրակտիկան դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման որակը բարձրացնելու համար։ Մենք դիտեցինք դասերի ընթացքում նկարահանված շատ մեծ թվով տեսանյութեր: Եվ պետք է նշել, որ բոլոր ուսուցիչները, որոնց ընտրել ենք որպես լավագույններ, Հայաստանի մարզերից են։ Սա ենթադրում է, որ չնայած այն կայուն կարծիքին, որ ռուսերենը դանդաղ մեռնում է, այնքան էլ ճիշտ չէ։ Ես ինքս շատ տեսանյութեր եմ դիտել. Հայաստանի տարբեր մարզերում հրաշալի երեխաներ կան, որոնք ռուսաց լեզվի գերազանց իմացություն ունեն, ռուսաց լեզվի հրաշալի հայ ուսուցիչներ կան՝ իսկական նվիրյալներ, որոնք սիրում են իրենց գործը», - Հայաստանում ՌԴ դեսպանատանը պարգևատրման արարողությանժամանակ ասաց Երևանի Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Վադիմ Ֆեֆիլով
© Sputnik / Aram Nersesyan
Արդեն ավանդական դարձած«Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթն անցկացվում է 2013 թվականից Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանիքաղաքապետարանի և մարզպետարանների մասնակցությամբ:
Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը կարծում է, որ մրցույթին ավելի մեծ նշանակություն է տվել այն փաստը, որ այս տարի Երևանում Ռուսական տունը որպես փորձագետ ներգրավել է Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտին:
«Մեզ ուրախացնում է, որ մրցույթը հավաքում է տաղանդավոր ուսուցիչներին և ոչ միայն դրսևորվելու հնարավորություն է ընձեռում, այլև յուրօրինակ հարթակ է դառնում փորձի փոխանակման համար», - նշեց նա:
Մաքսիմ Սելեզնյով
© Sputnik / Aram Nersesyan
Երկրորդ տեղը զբաղեցրեց Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Հ.Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Վերոնիկա Հակոբյանը, իսկ երրորդ տեղը կիսեցին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 1 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Մարինա Պետրոսյանը և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Գրետա Ներսիսյանը։
Մրցույթի բոլոր մասնակիցները, անկախ արդյունքներից, առցանց վերապատրաստման դասընթացի մասնակցելու հնարավորություն ստացան, որի ընթացքում կկարողանան շփվել գործընկերների հետ և կատարելագործել իրենց հմտությունները Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում:
Իսկ մրցույթի հաղթողները Մոսկվա այցելելու և ինստիտուտում լրիվ դրույքով պրակտիկա անցնելու հրավեր ստացան։ Պուշկինի ինստիտուտի ռուսական գրականության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի պրոֆեսոր Լարիսա Սելեզնյովան մրցույթի մասնակիցների դասերը հրաշք անվանեց:
«Ես տեսա ռուսաց լեզվի հիանալի իմացություն, դասավանդման մեթոդաբանության իմացություն և աշակերտների հետ կապ։ Իրականում տեսա, թե ինչպես են աշակերտները դասից հետո մոտենում և գրկում ուսուցչին, ասում, որ նա լավագույնն է: Ահա այն էմոցիաները, որոնք դուք կարողացել եք փոխանցել ձեզ ոչ մայրենի լեզվով, դա իրականում հրաշք է», - ասաց նա։
Նշենք, որ Հայաստանում կրթության լեզուն հայերենն է, բայց կան նաև ռուսական դասարաններով դպրոցներ։ Հանրապետության դպրոցներում 2-րդ դասարանից պարտադիր դասավանդվում է ռուսերեն, 3-րդ դասարանից՝ անգլերեն (ֆրանսերեն, գերմաներեն) կամ որևէ այլ օտար լեզու։ Հայաստանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում, անկախ կազմակերպաիրավական ձևից, ռուսաց լեզու են դասավանդում։
Երկրում գործում է երեք ռուսական դպրոց, սակայն դրանք գործում են միջպետական համաձայնագրերի հիման վրա՝ ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցը Երևանում (Քանաքեռ), ՌԴ ՊՆ թիվ 19 դպրոցը Գյումրիում և Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության միջնակարգ դպրոցը Արտաշատ քաղաքում։