Ծանր վիճակում գտնվող 4 ամսական փոքրիկը Արցախից տեղափոխվել է Հայաստան

ԿԽՄԿ ավտոմեքենաներ. արխիվային լուսանկար
Երեխային Հայաստան տեղափոխած մեքենաները Արցախ կվերադառնան դեղորայքով բեռնված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Արցախի «Արևիկ» բուժմիավորման նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, այսօր տեղափոխվել է Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նշենք, որ երեխայի վիճակը ծանր է։
«Այսօր մենք միջնորդել ենք, որ 4 ամսական երեխան տեղափոխվի Հայաստան, քանի որ կարիք ունի անհապաղ բժշկական աջակցության։ Երեխայի ուղեկցում են ծնողները, անհրաժեշտ բժշկական անձնակազմը»,–ասաց Ամատունին։
Նրա խոսքով` քանի որ դեղորայքի անհրաժեշտություն էլ կա, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախից Հայաստան եկած 3 մեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։