«Կառուցողական զրույց էր». Բորելը Լաչինի միջանցքի հարցը քննարկել է Բայրամովի հետ

Ժոզեպ Բորել
ԵՄ բարձր ներկայացուցիչը Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակումից հետո տարածաշրջանում ԵՄ ներկայության անհրաժեշտության հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և քննարկել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը։ Բորելն այդ մասին գրառում է արել Twitter–ի իր էջում։
«Կառուցողական հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկվել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի և մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը, կայունության պահպանման կարևորությունը և Լաչինի միջանցքի փակումից հետո ԵՄ ներկայության անհրաժեշտությունը տարածաշրջանում»,– գրել է նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։