«Ջանքեր ենք գործադրում, որ ՀՀ–ում դիտորդների առաքելությունը մշտական լինի». Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտգործնախարար
ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությանն արագ կտեղակայվի, երբ Եվրամիության 27 անդամ պետությունները հաստատեն դրա մանդատը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելությունը մշտական կարգավիճակ ստանա ։ Այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան` պատասխանելով Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի նամակին։
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը արտգործնախարարին նամակ էր հղել դեկտեմբերի 15–ին` նշելով, որ դեկտեմբերի 12–ից ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհն է, և դադարեցրել են գազամատակարարումը։ Նա ընդգծել էր, որ 120000 հայեր մեկուսացված են և վտանգի տակ։ Այժմ Պետելը Twitter–ում հրապարակել է իր նամակի պատասխանը։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը պատասխան նամակում գրել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անցկացված հանդիպումն արդյունավետ է եղել, քանի որ գազամատակարարումը վերականգնվել է, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հասանելիություն ունի Լեռնային Ղարաբաղում:
Նշենք, որ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան ասել էր, որ Ռուսաստանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման համար։ Այդ ջանքերի շնորհիվ վերականգնվել է Ղարաբաղի գազամատակարարումը։

«Ես լիովին կիսում եմ ձեր մտահոգությունը. դեկտեմբերի 12-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող այդ միջանցքի արգելափակումն անընդունելի է և հղի է ծանր հումանիտար հետևանքներով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»,– ասել է Կոլոնան:

Նախարարը նշել է, որ Ֆրանսիան անմիջապես հանդես է եկել տեղաշարժի սահմանափակումների անհապաղ և անվերապահորեն վերացման կոչով և հիշեցրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները՝ երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով։
«Ինչպես գիտեք, Լաչինի միջանցքը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ ՝ նույն եռակողմ հայտարարության համաձայն։ Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ ՄԱԿ-ը ներկա չեն այնտեղ։ Պետք է արձանագրել, որ Ռուսաստանն այսօր դեռ ի վիճակի չէ կամ չի ցանկանում ապահովել իրեն վստահված անվտանգության երաշխիքները»,– գրել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Նա ընդգծել է, որ հաշվի առնելով իրավիճակի լրջությունը ՝ Ֆրանսիան հանդես է եկել նախաձեռնությամբ ՝ Հայաստանի իշխանությունների խնդրանքով հարցը ներառել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։
«Այս հանդիպմանը հաջորդել է, կրկին Ֆրանսիայի նախաձեռնությամբ, անվտանգության խորհրդի նոր արտահերթ նիստը բաց ձևաչափով, որը թույլ տվել է նրա բոլոր անդամներին հայտարարել միջանցքով շարժման շուտափույթ վերականգնման և մարդասիրական կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղ մուտքի հասանելիության մասին»,- նամակում նշել է Քեթրին Կոլոնան:
Նա շեշտել է, որ այժմ Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը Հայաստանում ստանա մշտական կարգավիճակ:
«Այդ կապակցությամբ դեկտեմբերի 20-ից ՀՀ տարածքում գործարկվել է գնահատման և պլանավորման ժամանակավոր առաքելություն։ Դա թույլ կտա նախապատրաստվել ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության արագ տեղակայմանը, որը կսկսվի, հենց որ Եվրամիության 27 անդամ պետություններ հաստատեն դրա մանդատը»,- ասել է Կոլոնան:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։