Եթե Ամանորին հանգստի օրերի քանակը պահպանվեր, կշահեր ներքին տուրիզմը. Մեխակ Ապրեսյան

Մեխակ Ապրեսյան
Մեխակ Ապրեսյանի կարծիքով` եթե ոչ աշխատանքային օրերը չկրճատվեին, մարդիկ կկարողանային Ամանորն անցկացնել հանրապետության մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում եթե Ամանորին հանգստի օրերը կրճատվում են, ուրեմն կրճատվում է ներքին տուրիզմի հնարավորությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Նրա կարծիքով` եթե ոչ աշխատանքային օրերը չկրճատվեին, մարդիկ կկարողանային Ամանորն անցկացնել հանրապետության մարզերում, հեռավոր վայրերում, օրինակ` Ջերմուկում, Գորիսում և այլն, որտեղ ևս տուրիզմի ակտիվացման կարիք կա։
«Եթե օրերը կրճատելով և աշխատելով այնքան մեծ կլինի էֆեկտը և կծածկի նաև այս վնասը, ուրեմն նորմալ է, եթե ոչ, լավ կլիներ տոնական օրերը պահպանվեին»,–ասաց Ապրեսյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությանը` կրճատելով ամանորյա տոների համար նախատեսված հանգստյան օրերը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դա հիմնավորեց նրանով, որ լրացուցիչ 5 աշխատանքային օրերը համախառն ներքին արդյունքը կավելանա 123 մլրդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը՝ 35.4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը՝ 33.9 մլրդ դրամով: Գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 և 2.9 մլրդ դրամով:

Արդյունքում հանգստյան օրեր սահմանվեցին դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը և 6-ը (Սուրբ ծնունդ)։