Այսօր կեսօրին հազարավոր քրդեր են դուրս եկել Փարիզի Հանրապետության հրապարակ։
Երեկ 69-ամյա տղամարդը կրակ է բացել փողոցում՝ քրդերի մշակութային կենտրոնի մոտակայքում, Փարիզի 10-րդ շրջանում, նա ձերբակալվել է։ Հրաձգության հետևանքով մահացել է երեք մարդ, տուժածներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր, ևս երկուսը՝ միջին ծանրության վիճակում: Քրդական համայնքի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ զոհերը երեք քուրդ ակտիվիստներ են: Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել կանխամտածված սպանության գործով։
Այսօր քրդերը փողոց են դուրս եկել` իրենց բողոքն արտահայտելու։ Նրանք համարում են, որ երեկվա հրաձգությունը քրդական համայնքի դեմ ուղղված ահաբեկչական գործողություն է։ Ցուցարարները կարծում են, որ կրակոցների հետևում Թուրքիան է կանգնած, նրանք հակաթուրքական կարգախոսներ են վանկարկում։
Ինչ-որ պահի ցուցարարները հարձակվել են անցնող մեքենաների վրա և սկսել ավերածություններ անել։ Մի քանի ծեծկռտուք է բռնկվել հենց ցուցարարների միջև։ Այնուհետև նրանք սկսել են փակել փողոցները՝ ձեռք ձեռքի բռնած և շղթաներ կազմելով։
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մարդկանց ցրելու համար։