Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված հարյուրավոր արցախցիներ երթով գնացել են դեպի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի` Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված անցակետ` պահանջելու, որ խաղաղապահները Լաչինի միջանցքից հեռացնեն ադրբեջանցիներին:
Երեկ` դեկտեմբերի 23-ին, մի խումբ արցախցիներ Ստեփանակերտից շարժվել էին դեպի Շուշի։ Բողոքի ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանն ու մի խումբ քաղաքացիներ հանդիպել էին ՌԴ խաղաղապահներից մեկին, որը նրանց հորդորել էր հետ գնալ, քանի որ բանակցություններ են ընթանում։ Քաղաքացիները պահանջել էին բացել միջանցքը` թեկուզ ուժ կիրառելով, հակառակ դեպքում իրենք այսօր ավելի բազմամարդ երթով կգան խաղաղապահ զորակազմի անցակետ։
«Մենք երեկ ասեցինք, որ եթե այսօր ճանապարհը չբացվի, ավելի մեծ քանակով կգանք։ Եթե այսօր էլ ճանապարհը չբացվի, մենք միջոցառումներ կանենք արդեն օդանավակայանի մոտակայքում։ Մենք ունենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարություն, որտեղ կողմերի վրա հստակ պարտականություններ են դրված։ Ռուսաստանը ստանձնել է պարտավորություն՝ երաշխավորելու Լաչինի միջանցքի անվտանգությունը»,- այսօրվա երթի ժամանակ ասել է Պետրոսյանը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։