Ստուգումների եզրակացությունները հիմնավոր չեն. Բրյուսովի համալսարանը պատասխանել է ՊՎԾ–ին

Բրյուսովի անվան համալսրարան
Պետական վերահսկողության ծառայությանը հաղորդագրություն է տարածել առանց հաշվի առնելու ԲՊՀ–ի առարկությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Պետական վերահսկողության ծառայության ստուգումների եզրակացությունները հիմնավոր չեն: Այս մասին հայտարարություն է տարածել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և առարկություններ ներկայացրել։
Երեկ հայտնել էինք, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։
Ինչպես նշվում է բուհի հայտարարության մեջ, իրենք ստացել են ՊՎԾ–ի ստուգումների արդյունքների մասին պաշտոնական տեղեկանքը և իրենց կարծիքը ներկայացրել է ՊՎԾ, սակայն ծառայությունը հաղորդագրություն է տարածել` առանց հաշվի առնելու ԲՊՀ–ի առարկությունները։
ԲՊՀ–ն կետերով ներկայացրել է դրանք։
Ըստ համալսարանի` Պետական վերահսկողական ծառայության եզրակացությունը, որ «Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոն» ծրագրի շրջանակում ԲՊՀ–ի հիմնադրամի ղեկավարությունը ԿԳՄՍՆ–ին 2013-2019 թթ. ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող հայտեր, որի արդյունքում պետբյուջեից հավելյալ 70 մլն դրամ գումար են ստացել, իրավական առումով հիմնազուրկ է։
«ԲՊՀ-ին գումարները հատկացվել են ամսական հայտերի հիման վրա մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսի 10-ը` բացառությամբ դեկտեմբերի, որի համար հայտերը սահմանված կարգով ներկայացվել են ոչ թե հաջորդ ամսին, այլ դեկտեմբերի սկզբին, քանի որ այն տարվա վերջին ամսին է: Դեկտեմբերի հայտերով ներկայացված գումարի չափը որոշվել է՝ ելնելով պայմանագրային գումարի չափից և որևէ կերպ չի գերազանցել այն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին ծրագրի կյանքի կոչմանն ուղղված 498 մլն դրամից 174,3 միլիոնը որպես աշխատավարձ տրամադրելուն, ԲՊՀ–ից նշում են, որ հանրությանը մոլորեցնելու նպատակով է շեշտվում «ԱԺ նախկին նախագահ», այլ ոչ թե որպես համալսարանի ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, և չի հիմնավորվում, թե ինչու է ծրագրի գիտական ղեկավարին աշխատավարձ վճարելը համարվում խախտում:
ԲՊՀ-ի շենքի 370 քմ մակերեսով տարածքը 25 տարի ժամկետով «Գաուդեամուս» ՍՊԸ-ին վարձակալությամբ հանձնելու վերաբերյալ նշվում է, որ վարձակալության դիմաց վճարված գումարներից ԲՊՀ-ն որևէ եկամուտ չի ստացել, քանի որ ստացված գումարներն ամբողջությամբ փոխանցվում են պետական բյուջե:
Ինչ վերաբերում է 2018-2022 թթ. ընթացքում ռեկտորին տրված պարգևավճարներին, ապա համալսարանը շեշտում է, որ այստեղ ընդհանրապես բացակայում է օրենսդրական խախտում կամ պաշտոնեական դիրքի չարաշահում: Ռեկտորին պարգևավճար հատկացվել է աշխատակազմին տրված պարգևավճարների հետ միասին՝ նույն համամասնությամբ, ինչպես բոլոր աշխատակիցներին:
ԲՊՀ-ին պատկանող hանգստյան տունը, որը գտնվում է Ծաղկաձորում, շուկայականից զգալի ցածր վարձավճարով վարձակալության հանձնելու վերաբերյալ նշվում է, որ համալսարանը, տարիներ շարունակ կատարելով զգալի ծախսեր և չստանալով որևէ եկամուտ, կրել է մեծ վնասներ: Այնուհետև շենքը վարձակալության հանձնելու անհաջող փորձեր են եղել։ Տարիների ընթացքում առաջացել է նաև բնական մաշվածություն, որի հետևանքով շենքը եղել է ոչ բարվոք վիճակում։ Երբ խնդիրը չի լուծվել գործադիր իշխանությունների միջոցով, համալսարանը կրկին որոշել է շենքը հանձնել վարձակալության։
«Վարձակալության պայմանագիրը հաջողված գործարք է, քանի որ ԲՊՀ-ն այլևս իր միջոցներից ոչ միայն չի կատարում ծախսեր հանգստյան տունը պահպանելու համար, այլև ստանում է եկամուտ: Բացի այդ, հանգստյան տան վրա կատարվել են անբաժանելի բարելավումներ, որոնք ԲՊՀ սեփականությունն են: Նշվածի արդյունքում հանգստյան տունն օգտագործվում է իր նպատակային նշանակությամբ»,–ասվում է հայտարարությունում։
Համալսարանից պնդում են, որ ՊՎԾ-ն սխալ գնահատական է տվել նաև ԲՊՀ-ի գնումների 3 գործընթացներին։ Դրանցով գնման ընթացակարգին մասնակցելու որևէ կազմակերպության իրավունք չի խախտվել, գնման առարկայի բնութագրերում որևէ խտրական տեխնիկական հատկանիշ չի նշվել: Իսկ ապրանքերի հնարավոր ձեռքբերումը ենթադրյալ ավելի ցածր արժեքով կանխավարկած է և որևէ կերպ հիմնավորված չէ:
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը վերընտրվել է