ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik, Մարիաննա Գալստյան. 2020-21 թ.-ի համեմատ, այս տարի հայկական ավանդական շամպայնի արտահանումն ավելացել է 3 անգամ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի «Շամպայն գինիների գործարանի» սեփականատեր Հրայր Հակոբյանը։
Գործարանի ամբողջ արտադրանքի ուղիղ կեսը արտահանվում է: Հիմնական ուղղություններն են Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Վրաստան, Մերձբալթյան երկրներ և այլն։
Ի դեպ, միայն դեպի Ռուսաստան արտահանումը մի քանի անգամ ավելացել է ՌԴ–ի դեմ արևմուտքի պատժամիջոցներից հետո։
«Քանի որ պրոսեկոն հիմա Ռուսաստան չի ներկրվում, սպառողը նախընտրում է հայկական ավանդական շամպայնը։ Մի խոսքով` կարող ենք արձանագրել, որ ռուսական շուկայում այն ամբողջությամբ փոխարինում է պրոսեկոյին»,– վստահեցնում է Հրայր Հակոբյանը։
Պահանջարկն, ի դեպ, ավելի շատ է, քան գործարանը արտահանում է այս պահին։ Խնդիրը Լարսի խցանումներն են։
«Այ հենց հիմա մի քանի բեռնատարի չափով պատրաստի ապրանք կա, բայց մեքենաները հետ չեն եկել, որ նոր ապրանքով գնան»,– ասում է Հրայր Հակոբյանը։
Երևանի «Շամպայն գինիների գործարանում» բացի շամպայնից արտադրվում է նաև գինի, կոնյակ, օղի ու ոչ ալկոհոլային (մանկական) շամպայն։ Վերջինով հետաքրքրված են նաև հարևան Իրանում, որտեղ, ի դեպ, ալկոհոլային խմիչքների արգելք կա։ Տնօրինությունն արդեն հանդիպումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ, գուցե շուտով ոչ ալկոհոլային շամպայնը արտահանվի հարևան երկիր։
«Շամպայն գինիների գործարանի» արտադրանքը
© Sputnik / Aram Nersesyan
Իրենց արտադրանքն ավելացնելու համար նոր հոսքագիծ են պատվիրել, որը 1 ժամում 6000 շիշ ալկոհոլային խմիչք շշալցնելու հնարավորություն ունի։ Փաստացի արտադրանքի քանակը այսպիսով կարող է 2 անգամ ավելանալ։
Նշենք, որ Երևանի «Շամպայն գինիների գործարանը» հիմնադրվել է 1939թ-ին: Սկզբում գործարանը արտադրում էր միայն քաղցր և չոր գինիներ։ 1954թ-ից գործարանում արտադրվում է նաև շամպայն: