Հայաստանում արտաքին հետախուզական ծառայություն կստեղծվի. ԱԺ–ն տվեց իր հավանությունը

ՊՆ-ն շարունակելու է կատարել իր այդ գործառույթը. արտաքին հետախուզական ծառայությունը ռազմական հետախուզական գործառույթ չի ունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում արտաքին հետախուզական ծառայություն կստեղծվի։ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը։
Նախագիծն ընդունվեց 67 կողմ, 33 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է ստեղծել արտաքին հետախուզության ծառայություն` որպես ՀՀ վարչապետին կից պետական կառավարման մարմին։
«Հայաստանի անվտանգության համար այս ինստիտուտը կարևոր դեր է կատարելու։ Որևէ նշանակություն չունի՝ քաղաքական գործիչն այս պահին իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության մեջ է։ Երկարաժամկետ կտրվածքով այս ինստիտուտը ծառայելու է ՀՀ–ին ու, եթե որևէ քաղաքական գործիչ իրեն պատկերացնում է իշխանության մեջ, ապա շատ մեծ կարևորություն պետք է տա այս ինստիտուտի կայացմանը»,– նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԺ երեկվա` դեկտեմբերի 20-ի նիստի ժամանակ նախագիծը ներկայացրել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա շեշտել էր, որ ի տարբերություն Հայաստանում արդեն գործող այլ հետախուզական մարմինների, որոնց աշխատակիցները զինծառայողներ են, նոր ծառայությունը կրելու է բացառապես քաղաքացիական բնույթ։
Ներկայացված փաթեթով արտաքին հետախուզության ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ։
Արտաքին հետախուզական ծառայությունը ռազմական հետախուզությամբ չի զբաղվի. Գրիգորյան
Գրիգորյանը հայտնել էր նաև, որ ԱԱԾ-ի համապատասխան դեպարտամենտը կշարունակի աշխատել ևս 3 տարի, որից հետո այն կդադարի իր գործունեությունը։ ՊՆ-ն շարունակելու է կատարել իր այդ գործառույթը` արտաքին հետախուզական ծառայությունը ռազմական հետախուզական գործառույթ չի ունենա։
ԱԽ քարտուղարի խոսքով` արտաքին հետախուզության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որ այս ծառայությունը կարողանա ՀՀ–ի շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ ինֆորմացիա հայթայթել։