ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. 44-օրյա պատերազմի հերոս, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, ԵՊՀ լավագույն ուսանող, ԵՊՀ բրոնզե մեդալակիր, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի անունը կրող Երևանի թիվ 22 հիմնական դպրոցում բարեգործական միջոցառում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Գևորգ Արշակյանի անվան դպրոցում բարեգործական միջոցառում է տեղի ունեցել
© Photo : official site of MESCS of RA
Ամանորյա ցուցահանդես- տոնավաճառը կազմակերպվել էր հերոսի մայրիկի՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նախաձեռնությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին դպրոցի աշակերտների ձեռագործ աշխատանքները՝ փայտե իրեր, նկարներ, մոմեր, ասեղնագործ և ուլունքաշար զարդեր:
Հյուրերը շրջել են աշակերտների կազմակերպած ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ձեռագործ աշխատանքներին, շնորհակալական խոսքեր հղել նրանց, կատարել գնումներ:
Դպրոցի աշակերտների կողմից պատրաստված Ամանորի թեմատիկ նվերներից գոյացած հասույթը փոխանցվելու է դպրոցի ֆոնդին և սահմանամերձ գոտում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:
Գևորգ Արշակյանի անվան դպրոցում բարեգործական միջոցառում է տեղի ունեցել
© Photo : official site of MESCS of RA
Նշենք, որ Գևորգ Արշակյանը ծնվել է 1996թ. նոյեմբերի 12–ին Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարան, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, սովորել է այս բուհերի մի քանի ֆակուլտետներում: Ռազմական համալսարանն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում և կամավոր ժամկետային ծառայության մեկնել Արցախ (Մատաղիս):
Մատաղիսում զինվորական ծառայությունն ավարտել է 2020թ. օգոստոսին, ստացել ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել: 44-օրյա պատերազմի լուրը ստանալուն պես սեպտեմբերի 28-ին ԵՊՀ-ում կազմել է կամավորական ջոկատ և մեկնել Մատաղիս, իսկ նահանջից հետո երկու շաբաթ գտնվել է Ալաշանում, հիվանդացել թոքաբորբով, տեղափոխվել Երևան, բուժվելուց հետո նորից վերադարձել է Ալաշան:
Նոյեմբերի 5-ին որպես վաշտի հրամանատարի տեղակալ մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը, մինչև գիտակցության կորուստը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Գևորգ Արշակյանը հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ է ներդրել, ինչի համար Արցախի Հանրապետության նախագահի` 2021թ. փետրվարի 17-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչի» առաջին աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի` 2021թ. մայիսի 12-ի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով:
Երևանի թիվ 22 հիմնական դպրոցը Երևանի ավագանու միաձայն որոշմամբ հերոսի անվամբ է կոչվել 2022 թ. հունիսի 21-ին: