Բայդենի խորհրդականը ՀՀ–ին և Ադրբեջանին կոչ է արել լարվածությունը թուլացնող քայլեր դիտարկել

Советник президента США по национальной безопасности Джейк Салливан во время пресс-брифинга в Белом доме (4 февраля 2021). Вашингтон
ԱՄՆ նախագահի խորհրդականը հորդորել է լիովին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։
Սալիվանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հետ։
Զրույցների ընթացքում կողմերը գնահատել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ Վաշինգտոնում սեպտեմբերի 27-ին կայացած համատեղ հանդիպումներից հետո ձեռք բերված բանակցային առաջընթացը։
«Կողմերը հաստատել են, որ կողմ են խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով բանակցություններին։ Սալիվանը երկու կողմերին կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը և ապագայում բարիդրացիական հարաբերությունների հիմք կդառնան»,- ասված է հաղորդագրությունում։
Նա նաև մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի փակման և այդ իրավիճակից բխող հումանիտար հետևանքների կապակցությամբ և կոչ է արել լիովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։