Արցախում 4 ամսական երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ. Արցախի ԱՆ

Հիվանդանոց
Փոքրիկի մոտ ախտորոշվել է ընդերային լեյշմանիոզ, նա ստանում է համապատասխան բուժում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով «Արևիկ» բուժմիավորման նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկի` 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Երեխայի մոտ ախտորոշվել է ընդերային լեյշմանիոզ, նա ստանում է համապատասխան բուժում։
«Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Հանրապետական բժշկական կենտրոնում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկները հնարավոր ամեն բան անում են հիվանդների վիճակը կայունացնելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։