Անկախ դատական համակարգի կայացումն ունենալու է նաև տնտեսական մեծ էֆեկտ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է իրականացնել ԲԴԽ-ի հետ սերտ համագործակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Անկախ դատական համակարգի կայացումն ունենալու է նաև տնտեսական մեծ էֆեկտ։ Այսօր այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարությունում 2022թ.–ի գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նա կարևորել է բարեփոխումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես դատաիրավական ոլորտում իրականացվող ռեֆորմները:
ՀՀ վարչապետը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել դատարանների շենքերի պայմանների բարելավմանը:
«Դատական համակարգը պետք է ունենա ենթակառուցվածքային, բովանդակային և կադրային անհրաժեշտ ներուժ։ Այս ուղղությամբ աշխատանքները պետք է իրականացնել ԲԴԽ-ի հետ սերտ համագործակցությամբ»,– ասել է նա։
Վարչապետը կարևորել է քրեակատարողական հիմնարկներում իրականացվող վերանորոգման և արդիականացման աշխատանքները և հավելել, որ դրանք պետք է համահունչ լինեն քրեական ենթամշակույթի դեմ պայքարի գործընթացին, ունենան պատշաճ և արժանապատիվ պայմաններ:
«Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում բարձրացվել է դատավորների աշխատավարձը։ Օրինակ` Սահմանադրական դատարանում հավելավճարը սահմանվել է աշխատավարձի 80 տոկոսի չափով, իսկ վճռաբեկ դատարանում հավելումը` աշխատավարձի 50 տոկոսի չափով»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Կարեն Անդրեասյանը կարող է ամսական գրեթե 2 մլն դրամ աշխատավարձ ստանալ