Վերին Լարսում ծանրաբեռնվածությունը թուլացել է, հերթերն աննշան են. Քերոբյան

Վահան Քերոբյան
Այժմ Վերին Լարսով հայկական բեռներով բեռնված մոտ 350 մեքենա է անցնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարսում ծանրաբեռնվածությունը թուլացել է, հերթերն աննշան են։Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով` Լարսում տեղադրվել են ռենտգեն սարքավորումներ, նոր լրացուցիչ անցակետեր են բացվել։
«Եթե նախկինում հայկական բեռներով օրական 200 բեռնատար էր անցնում, ապա այժմ Լարսով անցնում է մոտ 350 մեքենա, հերթերը գրեթե վերացել են», - նշեց Քերոբյանը։
Վերին Լարսում թողունակության առումով դրական տեղաշարժ է նկատվում. ինչով է դա պայմանավորված
Նշենք, որ Վերին Լարսով անցնող և Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ռազմավարական ճանապարհը ձմռան շրջանում պարբերաբար փակվում է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, և բեռնափոխադրողները ստիպված են լինում շաբաթներով հերթում կանգնած սպասել ճանապարհի բացմանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1–ից Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից տրանսպորտային երթևեկությունը սկսել է իրականացվել 12 նոր գոտիներով։
Տարեվերջին նախատեսվում է գործարկել ևս երկու գոտի` մեծ տրանսպորտային միջոցների համար։ Երթևեկության գոտիների ընդհանուր քանակը կավելանա` հասնելով մինչև 39–ի։ Ըստ նախագծի` հնարավոր կլինի հասնել օրական 2.5 հազար տրանսպորտային միջոցի թողունակության` մինչև 4 հազարի պոտենցիալ հնարավորությամբ
Հավելենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով` 2022 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն՝ Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարների քանակը նվազել է 800-ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար։