AZAL-ը 112 000 եվրո է վճարել Հայաստանին 2022 թ. դեպի Նախիջևան չվերթերի համար

AZAL ընկերության Airbus A320 ինքնաթիռը
Քաղավիացիայի կոմիտեից մեկնաբանել են հարցը, թե արդյո՞ք Հայաստանը չի պատրաստվում փակել իր օդային տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը Հայաստանին մոտ 112 հազար եվրո է վճարել 2022 թվականին Հայաստանի օդային տարածքն օգտագործելու համար, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քաղավիացիայի կոմիտեից։
«Հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքով թռիչքների համար ադրբեջանական AZAL ավիաընկերությունը «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին է փոխանցել է 111 927,22 եվրո: Փոխանցումն իրականացվել է EUROCONTROL միջազգային կազմակերպության (օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպություն - խմբ.) կենտրոնական գրասենյակի միջոցով ՝ սահմանված ընթացակարգի համաձայն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չի ծրագրում փակել իր տարածքը ադրբեջանական ինքնաթիռների համար Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պայմաններում, ՀՀ քաղավիացիայի կոմիտեից արձագանքել են` միջազգայնորեն ընդունված ձևաչափի համաձայն, բոլոր միջազգային թռիչքներն իրականացվում են նախապես տրված թռիչքային պլանների համաձայն:
«Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող խտրական մոտեցում կիրառել իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ՝ հիմք ընդունելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի դրույթները»,–ասված է քաղավիացիայի պատասխանում:
Նշվում է նաև, որ օդային տարածքի օգտագործման սահմանափակումները կիրառվում են բացառապես բոլոր օդանավի շահագործողների համար թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Հայաստանից Եվրոպա մեկնելն ավելի հեշտ կլինի. միանում ենք ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն
«Ձեր կողմից բարձրացված հարցը կոմիտեի իրավասությունից դուրս է»,–հայտնել են ՔԱԿ-ից:
Հիշեցնենք, որ 2021-ի հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան թռիչքների համար։ 2021 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը Հայաստանին մոտ 32 հազար եվրո է վճարել աերոնավիգացիոն ծառայությունների համար։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։