ԱՄՆ-ն վաղուց է ներգրավված Ուկրաինայի իրադրության, խորհրդային և հետխորհրդային տարածքում ընթացող գործընթացների մեջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
«Ահա դուք հիմա ասացիք՝ կարելի՞ է արդյոք խոսել Ուկրաինայի հակամարտությանը Միացյալ Նահանգների ավելի մեծ ներգրավվածության մասին։ Թույլ տվեք կատակել. ես կառաջարկեի այս խնդրին ավելի լայն ու ավելի խորը նայել, թե կոնկրետ ինչ և ինչու: Քանի որ Միացյալ Նահանգները վաղուց են դրանով զբաղվում, նրանք վաղուց են ներգրավված խորհրդային և հետխորհրդային տարածքում տեղի ունեցող գործընթացներում, ամբողջ ինստիտուտներ են աշխատել Ուկրաինայի հարցով», - ասել է Պուտինը լրագրողներին։
Պուտինը նշել է, որ հակառակորդը միշտ փորձել է բաժանել ռուսական աշխարհը՝ կիրառելով «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը, նման մոտեցումն իրական քաղաքականության մեջ հիմա էլ է գործում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 300-րդ օրը։