ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի «Վանաձոր» բժշկական կենտրոնի ախտաբանահյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի նորագույն, միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկայով։ Ծրագիրը կյանքի կոչելու համար այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում հուշագիր կնքվեց Ճապոնիայի կառավարության և «Ազնավուր» հիմնադրամի միջև։ Փաստաթղթի տակ ստորագրեցին ՀՀ–ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը (Սարգսյանը):
Հուշագիրը ստորագրվեց ՀՀ առողջապահության նախարարությունում
© Sputnik / Aram Nersesyan
«Ճապոնիայի կառավարության և ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել «Վանաձոր» բժշկական կենտրոնի հյուսվածքաբանական լաբորատորիայի արդիականացման ծրագրի ստորագրման արարողությանը։ Սա իսկապես կարևոր համատեղ ծրագիր է»,–հայերենով ասաց Ճապոնիայի դեսպանը։
ՀՀ–ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորի
© Sputnik / Aram Nersesyan
«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրն ընդգծեց, որ հայ–ճապոնական համագործակցությունը շատ կօգնի մարզերի բնակիչներին բուժական ծառայությունների հասանելիության բարձրացման գործում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել լաբորատոր և ախտորոշիչ յոթ սարք։
«Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանն էլ իր խոսքում նշեց, որ ծրագրի արդյունքում տեղում հնարավոր կլինի իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան հյուսվածքաբանական և բջջաբանական հետազոտություններ։
Վահագն Մկրտչյան
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով` նման հետազոտությունները մեծ դեր ունեն հատկապես ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման, սքրինինգների, բուժական պրոցեսների որակի վերահսկողության հարցերում։
Հյուսվածքաբանական լաբորատորիան կծառայի ոչ միայն Լոռու մարզի, այլև հարակից մարզերի բնակիչներին, որոնք ստիպված չեն լինի որոշակի հետազոտություններ անցնելու համար Երևան հասնել։