Գյումրիում մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեություն է կասեցվել. լուսանկարներ

Կոտլետներ
Տեսչական մարմինը ժամկետ է սահմանել հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրիում մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեություն է կասեցրել։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։
Որոշման համար հիմք են ծառայել անհատ ձեռնարկատեր Մելանյա Զաքարյանին պատկանող մսամթերքի տնայնագործական արտադրությունում տեսուչների իրականացրած ստուգման արդյունքները։
«Տնտեսավարողը գործունեությունը կազմակերպել է տան խոհանոցում, որտեղ ապահովված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը, չի բացառվել խաչաձև աղտոտման հնարավորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, արտադրական տարածքի հատակի, պատերի և առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանում ապահովող նյութերից, պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:
Տեսչական մարմինը ժամկետ է սահմանել հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Միաժամանակ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ տնային պայմաններում արտադրական գործունեություն ծավալելն արգելվում է:
Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել