«Գազպրոմ Արմենիան» 2023–ին կվերանորոգի դեպի Գորիս տանող գազատարը

Վերանորոգման ամենածավալուն աշխատանքները կիրականացվեն Երևան-Արմավիր (3 կմ հատվածում) և Գորիս-Նախիջևան (12 կմ հատվածում) խողովակաշարերի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն երկրի գազային տնտեսության մեջ մոտ 19,3 մլրդ դրամ (մոտ 49 մլն դոլար) կներդնի։ Այս մասին ասվում է ընկերության 2023-27 թվականների ներդրումային ծրագրում, որը հավանության է արժանացել հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։
Կառավարությունը որոշել է վերստուգել ՀԷՑ-ում ու «Գազպրոմ Արմենիայում» կատարված ներդրումները
Գազատրանսպորտային տնտեսության, այսինքն՝ մայրուղային խողովակաշարերի վերանորոգման համար կհատկացվի մոտ 8,4 մլրդ դրամ (մոտ 21 մլն դոլար), իսկ գազաբաշխիչ տնտեսության համար (միջին և ցածր ճնշման խողովակներ)՝ 10,9 մլրդ դրամ (մոտ 27,5 մլն դոլար)։
Կապիտալ շինարարության նախագծերի հիմնական ծավալը կազմելու են Երևան-Արմավիր (3 կմ-անոց հատվածում) և Գորիս-Նախիջևան (12 կմ-անոց հատվածում) խողովակաշարերի վերանորոգման աշխատանքները, որոնք Վայոց Ձորի մարզով ձգվում են դեպի Գորիս քաղաք: Այդ նպատակով կհատկացվի համապատասխանաբար 360 մլն դրամ (մոտ 900 հազար դոլար) և 4 մլրդ 930 մլն դրամ (12,4 մլն դոլար)։
Եվս մոտ 520 մլն դրամ (մոտ 1,3 մլն դոլար) կհատկացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնման և ընթացիկ վերանորոգման համար։ Բացի այդ, 2023 թվականին նախատեսվում է ավելի քան 10,5 հազար նոր բաժանորդ միացնել ցանցին։ 2024-27 թվականների համար ներդրումային ծրագրի ծավալը նախատեսված է տարեկան 7-8 մլրդ դրամի (18-20 մլն դոլար) սահմաններում։
Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի հետևանքով ՀՀ–ԻԻՀ առևտուրը կրճատվել է
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն («Գազպրոմ» ՓԲԸ-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունը) Հայաստանում գազի մատակարարման և բաշխման ցանցի օպերատորն է: