ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության այսօրվա տեղեկագրում։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 7 դիտակետի շրջանում իրավիճակն անփոփոխ է»,– նշված է հաղորդագրությունում։
ՌԴ ՊՆ–ից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։