ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին և հաջողություն մաղթել նրան։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել կառույցի նախկին ղեկավար Տիգրան Խաչատրյանին, որը փոխվարչապետ է նշանակվել։ Վարչապետն ընդգծել է, որ ֆինանսների նախարարությունը Խաչատրյանի օրոք արդյունավետ է աշխատել, և հույս է հայտնել, որ այդ արդյունավետությունը կդրսևորվի նաև փոխվարչապետի լիազորությունների և գործունեության տիրույթում:
«Շատ կարևոր շրջափուլում ենք գտնվում, որտեղ մի կողմից ունենք տնտեսական որոշակի նոր դինամիկա, մյուս կողմից՝ անվտանգության ավելի սրվող և ահագնացող մարտահրավերներ: Այս համատեքստում հանրային ֆինանսների կառավարումը, պետական բյուջեի կատարումը, ծախսային հատվածի ճշգրիտ և արդյունավետ իրականացումը շատ էական դեր է խաղալու այս բոլոր գործընթացների կառավարման առումով: Ցանկանում եմ, որ այս ոլորտում մեր արդյունավետությունն էականորեն ավելանա»,– ասել է Փաշինյանը։
Նա գոհունակություն է հայտնել ֆինանսների նախարարության գործունեության 2022 թվականի հաշվետվությունից, որտեղ տեսել է ինստիտուցիոնալ, համակարգված և կազմակերպված աշխատանք՝ համահունչ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին։
Վարչապետը շեշտել է, որ իրենց նպատակն ի վերջո բոլոր ինստիտուտների կայացումն է, և դա մեծագույն խնդիր է։ Նրա խոսքով` անհրաժեշտ է պետական հատվածում աշխատանքը բավարար չափով գրավիչ և մրցունակ դարձել մասնավոր հատվածի հետ: Փաշինյանը հույս է հայտնել, որ հանրային կառավարման բարեփոխումները կկարողանան պատշաճ հանգրվանի հասցնել, որպեսզի առաջիկա կառավարման իրենց շրջանը մաքսիմալ շեշտադրված լինի ինստիտուտների կայացման վրա:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ շնորհակալություն է հայտնել բարձր վստահության և նոր պատասխանատու պաշտոնում աշխատելու հնարավորության համար: Նա ընդգծել է, որ նախարարությունը ղեկավարելու ընթացքում ունեցել են միասնական նպատակ՝ ամեն օր բարելավել աշխատանքի որակն այնպես, որ արդյունքը մեր հասարակության շահերին ծառայի լավագույն ձևով:
Ֆինանսների նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և գնահատականի համար:
«Վստահ եմ, որ մենք՝ ֆինանսների նախարարության ամբողջ անձնակազմը, կանենք առավելագույնը Հայաստանում հանրային ֆինանսների կառավարումը բարձրացնելու և հասցնելու մի այնպիսի մակարդակի, որը կհամապատասխանի աշխարհի ամենազարգացած երկրների մակարդակին»,- ասել է նա:
Հիշեցնենք` դեկտեմբերի 19-ին Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ էր անցկացվել, որի սկզբում վարչապետը հայտնել էր, որ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, իսկ ֆինանսների նախարարի պաշտոնում` Վահե Հովհաննիսյանը, որը զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Տիգրան Խաչատրյանի նշանակման հրամանագիրը ստորագրեց նույն օրը, իսկ Վահե Հովհաննիսյանինը` այսօր։