Չուվաշիայում պայթել է Եվրոպան սնուցող գազատարը, կան զոհեր. կադրեր

Այդ գազատարով «կապույտ վառելիքը» Սիբիրից տեղափոխվում է Եվրոպա։
Sputnik
Չուվաշիայի (ՌԴ) Ուրենգոյ-Պոմարի–Ուժգորոդ մայրուղային գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Չուվաշիայի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 13:44-ին արտակարգ իրավիճակների ծառայությունները հաղորդում են ստացել Վուրնարի շրջանի Յամբախտինո գյուղի մոտակայքում գտնվող ստորգետնյա գազատարի վրա գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած հրդեհի մասին:
Հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ մայրուղային գազատարում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում, երբ տեղի է ունեցել պայթյունը:
Պայթյուններ «Հյուսիսային հոսքերում». գազային պատերազմը թեժ փուլ է թևակոխել
«Վթարի վայրում գազի այրումը վերացվել է։ Պարզվել է, որ գազատարը վնասվել է «Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ» մայրուղային ստորգետնյա գազատարի 1420 մմ տրամագծով մի հատվածում պլանային նորոգման աշխատանքների անցկացման ժամանակ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ զոհվել է երեք մարդ, ևս մեկը տուժել է։
Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել արտահանման ռուսական գազատարում, որով երկնագույն վառելիքը Սիբիրից տեղափոխվում է Եվրոպա։ Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ գազատարը ռուս-ուկրաինական սահմանը հատում է Կուրսկի մարզի «Սուջա» կայարանի շրջանից, և դա այսօր ՌԴ-ից դեպի Եվրոպա տարանցման համար միակ կետն է, որով գազը մտնում է Ուկրաինա։