3 եղբայրներ մրգի անվան տակ թուրքական և չինական հագուստ են ներմուծել Հայաստան. ԱԱԾ

9.5 տոննա հագուստեղենը բեռնատար ավտոմեքենայի տարանցիկ մաքսային փաստաթղթերում նշված է եղել որպես մանդարին։
Sputnik
ԱԱԾ–ն բացահայտել է մաքսային ոլորտում կազմակերպված ու շարունակական բնույթ կրող չարաշահումների մեխանիզմ։
Մասնավորապես, ԱԱԾ կայքից տեղեկանում ենք, որ մի քանի ընկերություններ ղեկավարող 3 եղբայրները` Ռ.Կ-ն, Հ.Կ-ն և Կ.Կ-ն, համաձայնության են եկել ՀՀ-ում գործող առևտրային կենտրոններում չինական և թուրքական արտադրության ապրանքներ վաճառող տնտեսվարողների հետ, և առանց մաքսային վճարումների ՀՀ են ներկրել Թուրքիայից բերված չինական, թուրքական հագուստեղեն։
Յուրաքանչյուր մեկ կիլոգրամ ապրանքի մաքսանենգ ՀՀ ներկրման համար տնտեսվարողները եղբայրներին վճարել են միջինը 4 դոլարին համարժեք գումար: 3 եղբայրները պարբերաբար Վրաստանից ՀՀ են ներկրել միաժամանակ 2 բեռնատարների մեջ բարձված ապրանքներ, որոնցից առաջինը բեռնված է եղել միրգ-բաջարեղենով, ինչը ձևակերպված է եղել մաքսային փաստաթղթերում, իսկ երկրորդը բեռնված է եղել չինական և թուրքական արտադրության հագուստով և այլ ապրանքներով, սակայն մաքսային փաստաթղթերում ձևակերպված է եղել որպես միրգ-բանջարեղեն:
ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք է կանխել. տեսանյութ
2 բեռնատարներն էլ եղբայրները տեղափոխել են ՀՀ Արարագածոտնի մարզում վարձակալված պահեստ, որից հետո բաժանել են տնտեսվարողներին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2022 թվականի դեկտեմբերի 17-ին ԱԱԾ–ի և ՔԿ–ի աշխատակիցների կողմից կանխվել է հանցավոր եղանակով հագուստեղենի ներկրման հերթական դեպքը, որի արդյունքում Արագածոտնի մարզում վարձակալված պահեստում հայտնաբերվել է վրացական հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենան։ Դրանում գտնվել է ավելի քան 9.5 տոննա հագուստեղեն, որը, սակայն բեռնատար ավտոմեքենայի տարանցիկ մաքսային փաստաթղթերում նշված է եղել որպես մանդարին։
4 անձ ձերբակալվել են և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Իրականացվում են գործողություններ հանցավոր մեխանիզմում պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունը պարզելու համար։