ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատի է տալու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
««Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այս տարվա դեկտեմբերի 16-ին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ ղեկավարության հասցեին հնչեցրել է կեղծիք, զրպարտություն պարունակող հայտարարություններ։ Նա նաև դիմել է սուտ մատնության, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, ենթակա է քրեական պատասխանատվության»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՖՖ–ն հայտարարել է, որ հնչեցված զրպարտության և կեղծիքի համար դատարանի միջոցով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջը պարտադրելու է հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկելու վերջինիս սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: