Սպանություն Գավառում. կասկածյալը ձերբակալվել է

Սպանություն Գավառում. կասկածյալը ձերբակալվել է
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա եղել է դանակահարված, մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 18-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 20։15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոնի շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։
Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Էդվարդ Հ․-ն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա եղել է դանակահարված, մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներով։
Մահացածին շտապօգնության ավտոմեքենան հիվանդանոց է տեղափոխել Գավառ քաղաքի Սայադյան փողոցի 15 հասցեի տնից։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում նշված հասցեում Գավառի բնակիչ 48-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Էդվարդ Հ․-ի հետ, որի ժամանակ էլ դանակով հարվածներ է հասցրել վերջինիս, ինչի հետևանքով նա մահացել է։
Կասկածյալը տաք հետքերով հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին։
Նախնական տեղեկություններով՝ սպանվածն ու սպանության կակածանքով ձերբակալվածը նախկինում մի քանի անգամ եղել են դատապարտված։