ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանին պետք է ժամանակակից ամենաբարձր ստանդարտներին համապատասխան Փրկարար ծառայություն ունենալ: Այս մասինհայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն կատարած այցի ժամանակ։ Նշենք, որ վարչապետին է ներկայացվել ԱԻՆ 2022թ. գործունեության հաշվետվությունը:
Նիկոլ Փաշինյանն ԱԻՆ–ում խորհրդակցություն է անցկացրել
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և փոխնախարարները ներկայացրել են ըստ ոլորտների կատարված աշխատանքները:
Վարչապետին ներկայացվել են սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները, որոնց շրջանակում իրականացվել են քարտեզների թվայնացում, սեյսմիկ ռիսկի հաշվարկ, արդիականացվել են Կարբիում և Առուճում գործող GPS կայանները: Հաշվետու ժամանակահատվածում տարհանման վարժանքներին մասնակցել է շուրջ 50 հազար մարդ:
Անդրադառնալով Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գործունեությանը` պատասխանատուներն անդրադարձել են տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում իրականացված փորձաքննություններին:
Նշվել է նաև, որ ընթացիկ տարում իրականացվել է ավելի քան 400 վերելակի շահագործման փորձաքննություն:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակում աշխատանքներն ուղղված են եղել արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, բնակչությանն անհապաղ օգնության ցուցաբերումը: Կենտրոնի միջոցով այս տարվա ընթացքում վերապատրաստվել է 226 փրկարար: Առաջիկայում վերապատրաստում է անցնելու ևս 200 փրկարար:
Շտապ բուժօգնության ծառայության 103, ոստիկանության 102, և ԱԻՆ 911 ծառայությունների համար ստեղծվել է զանգերի միասնական կենտրոն, որը վերոնշյալ ծառայություններին թույլ է տալիս անհրաժեշտ տեղեկատվությունը գործընկերներին փոխանցել կոճակի մեկ հպումով: Մեկ միասնական հեռախոսահամարը կներդրվի առաջիկայում:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցության ուղղությամբ նախանշված հիմնական առաջնահերթություններին: Տեղեկացվել է, որ 2022 թվականին իրականացվել են 13 միջազգային ծրագրեր: Աշխատանքներն ուղղված են եղել նաև ապաստարանների կառուցմանն ու կահավորմանը:
Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետն անդրադարձել է ապաստարանների` միջազգային ստանդարտներին համապատասխանելիության պահպանմանը, Փրկարար ծառայության գործունեության մակարդակի բարձրացմանը:
«Մեր խնդիրը պետք է լինի Փրկարար ծառայության ստանդարտը փոխելը, կամավոր ատեստավորման ինստիտուտը պետք է մտնի նաև այս համակարգ: Մենք պետք է ժամանակակից ամենաբարձր ստանդարտների Փրկարար ծառայություն ունենալու խնդիր դնենք, որը պետք է աշխատավարձի չափերով և սոցիալական երաշխիքներով ամրագրվի: Այստեղ պետք է լավագույն ժամանակակից չափանիշներով առաջնորդվենք և առաջիկայում կենտրոնանանք այդ տրամաբանության վրա»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը հետաքրքրվել է նաև Փրկարար ծառայության տեխնիկական կարիքների, ենթակառուցվածքների հագեցվածության վերաբերյալ և ընդգծել վերոնշյալ ծառայության զարգացման ռազմավարություն ու ճանապարհային քարտեզ ունենալու անհրաժեշտությունը: