ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան աշխատակիցների միջոցով կապահովվի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ծնողների ու հարազատների դիմումների և առաջարկությունների ստացման և արձանագրման գործընթացը՝ աշխատանքային խմբին փոխանցելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-մայոր Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են գերիների, պատանդների և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներ և հարազատներ, ինչպես նաև հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անդամները:
Նիստի ընթացքում Աբազյանի կողմից նշվել են այն առաջնահերթությունները, որոնք ի հայտ էին եկել հանձնաժողովի նախորդ նիստից հետո կատարված աշխատանքների ամփոփման և վերլուծության արդյունքում:
Հատկապես կարևորվել են գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց վերաբերյալ հարցերի իրավական կարգավորման անհրաժեշտությունը, և որոշվել է կոնկրետ քայլեր ձեռնարկել ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ համապատասխան օրենքի հայեցակարգի նախագծի մշակման ուղղությամբ:
Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարազատների հետ մշտական կապ ապահովելու նպատակով հստակ հանձնարարություններ են տրվել:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները պատասխանել են նիստին ներկա գտնվող ծնողների ու հարազատների հարցերին:
Նիստն ամփոփվել է հանձնաժողովի անդամներին տրված հստակ հանձնարարականներով:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Հոկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց 10, իսկ նոյեմբերի 28-ին՝ 13 զինվորականի մարմին։
Հավելենք, որ մինչ օրս ադրբեջանական ուժերը շարունակում են ապօրինաբար մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։