ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը, հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը:
Հավելենք, որ բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:
Նիստում քննարկվելու է տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը:
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը փոխարինելու է եկել ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, որը պաշտոնից ազատվել է դեկտեմբերի 12-ին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը