ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարները երկուշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել գազի գների սահմանաչափի մակարդակի վերաբերյալ` շուկայի շտկման մեխանիզմի շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ-ից աղբյուրը։
«Նրանք քաղաքական համաձայնություն են ձեռք բերել գնային սահմանի վերաբերյալ»,-ասել է նա:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովն առաջարկել էր ԵՄ-ում TTF խոշորագույն եվրոպական հանգույցի շուկայի շտկման ժամանակավոր մեխանիզմ ստեղծել։ ԵՀ մտահղացման համաձայն` մեխանիզմը կարող էր ինքնուրույն գործարկվել երկու պայմանների պահպանման դեպքում։ Առաջինը` TTF ինդեքսով ամսական ֆյուչերսների հաշվարկային գինը երկու շաբաթվա ընթացքում գերազանցում է մեկ ՄՎտ-ի դիմաց 275 եվրոն (հազար խորանարդ մետր գազի դիմաց 2,8 հազար եվրոյից մի փոքր ավելի), երկրորդը` TTF-ի և հեղուկացված բնական գազի համաշխարհային գների միջև տարբերությունը (spread) 10 առևտրային օր անընդմեջ առնվազն 58 եվրո է։
Սակայն սա շատ բարձր մակարդակ է.TTF-ի մեկամսյա ֆյուչերսների հաշվարկային գինը հանգույցի գոյության ողջ պատմության ընթացքում 275 եվրոն գերազանցել է միայն այս տարվա օգոստոսին, մի քանի օր:
Եվրոպայում ընդունված է գազի ծավալը չափել մեգավատտ/ժամով (ՄՎտ/ժ), մինչդեռ Ռուսաստանում հաշվարկն իրականացվում է խորանարդ մետրով:
Տարբերությունը պայմանավորված է նրանով, որ եվրոպական մոտեցումը հիմնված է այն էներգիայի քանակի վրա, որը հնարավոր է արտադրել մատակարարվող գազից։ Այսպիսով` որքան բարձր է գազի ջերմաստեղծ հատկությունը կամ կալորիականությունը, այնքան փոքր է, օրինակ, մեկ լիտր ջուր եռացնելու համար անհրաժեշտ գազի ծավալը, և այնքան այն ավելի թանկ է: Եվրոպայում նման մոտեցումն ավելի օբյեկտիվ է համարվում։