ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 18-ին Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ խաղաղության և զորակցության աղոթք է կատարվել հանուն Արցախի, տեղեկանում ենք Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջից։
«Ադրբեջանի իշխանություններն ակնհայտ սադրիչ գործողություններով և կեղծ պատճառաբանություններով փակ են պահում Արցախի՝ Հայաստանի և աշխարհի հետ կապի միակ ճանապարհը՝ մատնելով արցախցիներին հումանիտար աղետի: Արգելափակված 120 000 արցախցի մեր քույրեր ու եղբայրներ զրկված են ազատ տեղաշարժի հնարավորությունից, բազմաթիվ հիվանդներ՝ անհրաժեշտ բուժօգնությունից, Արցախի հանրապետությունը՝ կենսական մատակարարումներից»,–ասել է կաթողիկոսը։
Նա նշել է նաև, որ Ադրբեջանը վախի ներշնչման միջոցով փորձում է հայաթափել Արցախը: Կաթողիկոսի խոսքով` միայն դատապարտության խոսքերը բավարար չեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կասեցնելու վերջինիս թշնամական ընթացքը։ Նա վստահեցրել է, որ Առաքելական եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային հանրությունը, բարեկամ պետությունները, քրիստոնեական քույր եկեղեցիները, միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունները հնարավոր աջակցություն ու զորակցություն ապահովեն Արցախին:
Դիմելով արցախցիներին՝ կաթողիկոսն ասել է.«Ազատ, անկախ և անվտանգ ապրելու ձեր արդար պահանջի մեջ հայ ազգը միասնական է: Շարունակեք մնալ աննկուն, հավատով ամուր և ապրեք ամենօրյա մեծ և փոքր հաղթանակների լավատեսությամբ»:
Դիմելով Հայաստանում և սփյուռքում ապրողներին Վեհափառը նշել է` Արցախը և արցախահայության իրավունքների պաշտպանությունը մեր ժողովրդի արժանապատվության հարցն է։ Նրա խոսքով` արցախահայության հիմնախնդիրների կարգավորումը անսակարկ առաջնահերթություն է և չի կարող փոխարինվել որևէ այլ մտահոգությամբ, Հայաստանի ու Արցախի շահերը նույնական են, իսկ Արցախի անվտանգությունը անքակտելիորեն կապված է Հայաստանի անվտանգությանը։