Մոսկվայում ձյան շերտի մակարդակը՝ 33-ից 38 սանտիմետր, գերազանցել է 1989 թվականի ռեկորդը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը:
«Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ին մայրաքաղաքի ՎԴՆԽ հիմնական եղանակային կայանում ձյան ծածկույթի բարձրությունը ընդամենը մեկ օրվա ընթացքում աճել է 10 սանտիմետրով՝ 23–ից 33 սանտիմետր, Տուշինոյում նույնպես 33 սանտիմետր է, Բալչուգայում ձյան շերտի հաստությունը 38 սանտիմետր է: Դրանք ձյան ծածկույթի կլիմայական առավելագույն ցուցանիշներն են, որոնք սովորաբար լինում են փետրվարին», - նշել է Տիշկովեցը։
Ավելին, վիճակագրության համաձայն, այս օրը օդերևութաբանական պատմության ընթացքում երբեք ձյան նման հաստ շերտ չի եղել: Վերջին անգամ նման բան արձանագրվել է միայն 1989 թվականին՝ 31 սանտիմետր, իսկ 1993 թվականին՝ 30 սանտիմետր։
Նրա խոսքով՝ Մերձմոսկվայում ամենամեծ ձնակույտերը գրանցվել են Վոլոկոլամսկում՝ 35 սանտիմետր, Դմիտրովում և Պավլովսկի Պոսադում՝ 39 սանտիմետր, Կլինում՝ 40 սանտիմետր, Կոլոմնայում՝ 42 սանտիմետր, Չերուստիում՝ 43 սանտիմետր։
Տեղումները կշարունակվեն մինչև երեկո, ինչը նշանակում է, որ ձյան շերտը դեռ կավելանա։