ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Ջերմուկում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական ժողովի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը ՔՊ–ն հայտնում է ֆեյսբուքյան էջում։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել ՔՊ քաղաքական ժողովի նիստ
© Photo : Քաղաքացիական պայմանագիր
«Քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը, կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական բնույթի հարցեր»,–ասվում է ՔՊ–ի հայտարարության մեջ։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել ՔՊ քաղաքական ժողովի նիստ
© Photo : Քաղաքացիական պայմանագիր
Հիշեցնենք` նախորդ անգամ ՔՊ–ականները հանդիպել էին նոյեմբերի 29–ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել կուսակցության վարչության նիստը։ Հաստատվել էր կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը, քննարկվել էին նաև օրակարգային այլ հարցեր։
Հիշեցնենք, որ ՔՊ–ի նոր վարչությունն ընտրվեց հոկտեմբերի 29-ի համագումարի ժամանակ։ Նոյեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։
Նորընտիր վարչությունը կազմված է 15 անդամից։ Ամենաշատ ձայները հավաքել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։
Նշենք, որ 2015-ին հիմնադրվելուց հետո ՔՊ-ում վարչության նախագահությունը ստանձնել էր Արայիկ Հարությունյանը, հետո՝ Սասուն Միքայելյանը, իսկ 2019-ից ի վեր՝ Սուրեն Պապիկյանը։
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ–ում լուրջ խնդիրներ կան, որոնք ստիպել են այս անգամ Նիկոլ Փաշինյանին ստանձնել վարչության նախագահի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները։