ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Արցախում այսօրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Տեղեկությունը հայտնում է «Արցախգազը»։
Հայտնել ենք, որ այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից:
«Արցախգազը» տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով:
Գազ սպառող բաժանորդներին ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։