«...Մահ դավաճաններին». դատախազը 1.5 տարվա ազատազրկում է պահանջել Նարեկ Մալյանի համար

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Դատախազը 1.5 տարվա ազատազրկում է պահանջել «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի համար։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մալյանը։
«Մեկուկես տարի ազատազրկում Չաուշեսկուի գնդակահարության ներկայացումը բեմադրելու համար: Քիչ առաջ այս պատիժը պահանջեց ինձ համար դատախազը»,– գրել է Մալյանը:
Հիշեցնենք` փետրվարի 20–ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայրենքի փրկության շարժման հանրահավաքը։ Ընդդիմադիր կուսակցություններն ու հավաքվածները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մինչ հանրահավաքը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Ազատության հրապարակում բեմադրում էր «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը։
Նարեկ Մալյանին ձերբակալել էին ֆուտուրիստական այդ ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու փորձի մեղադրանքով, ապա ազատ արձակել:
Նարեկ Մալյանին քիչ առաջ նոր մեղադրանք է առաջադրվել
Ի վերջո փետրվարի 26–ին Մալյանին հաջողվել էր ԱԺ շենքի դիմաց բեմադրել ներկայացումը։ Բեմադրությունից հետո նա լրագրողներին տեղեկացրել էր, որ իր վրա կա հարուցված 6 քրգործ, որից մեկը` նշյալ ներկայացման մասով։
Հավելենք, որ Մալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։