Կառավարությունն առաջարկում է ստեղծել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան

Դատարան
Փոփոխություններ են նախատեսվում նաև դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ներառելուն կարգում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում հնարավոր է ստեղծվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Այսօր խորհրդարանում քննարկում էին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։
Նույն օրենքում փոփոխություն կատարելով՝ նախատեսվում է նաև առանձնացնել Երևան քաղաքում ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանները:
Հակակոռուպցիոն պայքարում իշխանափոխությունից հետո արդյունք չկա. իրավապաշտպան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշեց, որ փոփոխության նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից:
Նշենք, որ հակակոռուպցիոն դատարանը ստեղծվել է 2021թ ապրիլին ընդունված օրենսդրական փոփոխություններով, իսկ այս տարվա փետրվարի 19-ին ընդունված օրենքով ստեղծվել է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը:
«Փոփոխությունները նոր դատավորների թիվ ավելացնելու անհրաժեշտություն չեն առաջացնելու»,-ասաց Արմենուհի Հարությունյանը:
Սակայն դատարանների նախագահներին կվերապահվի նոր լիազորություններ։ Առաջարկվում է հնարավորություն տալ ԲԴԽ–ին սահմանած կարգով մշտադիտարկում իրականացնել դատարանում։
Փոփոխություններ են նախատեսվում նաև դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ներառելուն կարգում: Նրանք պետք է ունենան վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն։