ԵԱՏՄ-ում առցանց առևտրի հարկերը կկարգավորվեն. ԱԺ–ն քննարկում է օրենքի նախագիծը

Առցանց առևտուր. Արխիվային լուսանկար
Գործող օրենքով` առցանց օտարերկրյա օպերատորն ԱԱՀ չի վճարում այն ապրանքների համար, որոնք մատակարարում է Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում առցանց առևտրից ԱԱՀ–ն կարող է գանձվել ապրանքի սպառման երկրում։ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ անելու նախագիծը ԱԺ–ն այսօր ընդունեց առաջին ընթերցմամբ` 60 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Մինչ քվեարկությունը պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հիշեցրեց, որ այժմ առցանց օտարերկրյա օպերատորն ԱԱՀ չի վճարում այն ապրանքների համար, որոնք մատակարարում է Հայաստան։
Հոկտեմբերի 1-ից առցանց առևտրի պայմանները կխստանան. որտեղից ու ինչքան ապրանք պատվիրել
Նշենք, որ նախագծերի փաթեթով ներդրվելու են էլեկտրոնային առևտրի կանոնակարգումներ: Էլեկտրոնային հարթակից դեպի ֆիզիկական անձանց ապրանքի օտարումը հարկվելու է, ԱԱՀ-ն հաշվարկվելու և վճարվելու է սպառման երկրի կանոններով: Այսինքն՝ ԱԱՀ-ն առաջանում է այն երկրում, որտեղ ֆիզիկական անձը ձեռք է բերել ապրանքը:
Կառավարությունը վստահեցնում է, որ այսպիսով պետբյուջեի եկամուտները կավելանան:
Բադասյանը նկատեց, որ Բելառուսն ու Ղազախստանն արդեն ընդունել են նման օրենքներ, իսկ միության մյուս երկրները պատրաստվում են դրան: Նույն կանոնները վաղ թե ուշ կկիրառվեն ԵԱՏՄ ողջ տարածքում։