ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն։ ԱԺ–ն 67 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը։
Նշենք, որ ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը:
Նոր օրենքով նախատեսվում է, որ ոստիկանապետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալը, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառանան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։
Նշենք նաև, որ ներքին գործերի նախարարությունը Հայաստանի համար նոր կառույց չէ: Պետական կառավարման համակարգում նման գերատեսչություն գործում էր 1990 թ.–ից: Սակայն 2002 թ.–ին ներքին գործերի նախարարությունը լուծարվեց, ոստիկանությունն էլ առանձնացավ:
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում կրկին ներկայացնում էր ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Մինչև օրենքի ընդունումը նա հավաստիացրեց, որ խմբագրումներ են արել նախագծում, որոնք միտված են փաթեթն ավելի կատարելագործելուն։
«Ներքին գործերի նախարարության ֆունկցիոնալ բազայից հանվել է աշխատանքի միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակման հատվածը. կառավարությունը գտնում է, որ աշխատանքի ոլորտում քաղաքականությունը պետք է շարունակի մշակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը», - նշեց նա։
Սարգսյանն ասաց նաև, որ այսուհետ ՀՀ նախագահի փոխարեն ոստիկանության զորքերի հրամանատարին կնշանակի ՀՀ վարչապետը։