ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության պատգամավորներներն այսօր փակ հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը, գրում է ArmLur.am-ը։
Նշվում է, որ պատգամավորներին չի հաջողվել լսել ցանկալի հարցի պատասխանը` ե՞րբ է ի վերջո բացվելու Բերձորի միջանցքը։
«ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին, որ Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ տարբեր երկրների կառույցների հետ կապի մեջ են, սակայն որևէ մեկն էլ կոնկրետ ու հստակ երաշխիք չի տալիս միջանցքի բացման մասով»,–գրում է կայքը։
Ինչ վերաբերում է ՌԴ-ի միջնորդական առաքելությանը, ապա Փաշինյանն այս մասով նույնպես հստակ բան չի ասել։
Նշվում է, որ վերոնշյալ հանդիպմանն իշխանական պատգամավորների մեծ մասը չի մասնակցել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։