Միրզոյանը Հնդկաստանի արտգործնախարարին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ՄԱԿ կենտրոնակայանում Մահաթմա Գանդիի արձանի բացման պաշտոնական արարողությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, հայտնում են ԱԳՆ-ից:
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակման ու Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանման հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի շարունակական քաղաքականության անթույլատրելիությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր և գոհունակություն են հայտնել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ:
ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարարին ՄԱԿ Անվտանգության խորհրդում հաջողված նախագահության կապակցությամբ: Կողմերը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցությանը և փոխադարձ աջակցությանը վերաբերող հարցեր։
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ՄԱԿ կենտրոնակայանում Մահաթմա Գանդիի արձանի բացման պաշտոնական արարողությանը։
Բաքուն շարունակում է ցեղասպան քաղաքականություն վարել. Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում