ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ընդունել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի մասնակիցներ՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և ՄԱԿ-ի անկախ հետաքննության մեխանիզմի ղեկավար Նիքոլաս Կումջյանին։
Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյանկը։
Պաշտպանը և ֆորումի մասնակիցներն անդրադարձել են ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին:
Պաշտպանը ներկայացրել է սոցցանցերում տարածվող՝ Ադրբեջանի կողմից հայատյացության վերաբերող փաստական հանգամանքներ և նշել՝ մտահոգիչ է այն, որ էթնիկ ու կրոնական հիմքով, ինչպես նաև սեռով պայմանավորված ատելության խոսքերն ադրբեջանական պետության կողմից պետական մակարդակով խրախուսվում են և շարունակական բնույթ են կրում։
Քրիստիննե Գրիգորյանը նաև մտահոգություն է արտահայտել, որ ցավոք նման թշնամական խոսույթներն արձագանք են գտնում հայկական հանրության շրջանում։
Պաշտպանը խոսել է մի խումբ ադրբեջանցիների կողմից Հայաստանի ու աշխարհի հետ Արցախի կապի միակ ճանապարհի փակման մասին, ինչպես նաև գազամատակարարման դադարեցման մասին՝ շեշտելով, որ շուրջ 1100 անձ զրկված է իր տուն վերադառնալու հնարավորությունից, որոնց թվում են ավելի քան 270 երեխաներ, իսկ Արցախում ապրող 120 հազար անձ կանգնած է հումանիտար աղետի շեմին։
Հիշեցնենք`դեկտեմբերի 12-13-ը Երևանում անցկացվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով: Ֆորումը նվիրված էր նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։