ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Շվեյցարիան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներով։ Այս մասին Twitter-ում գրել է Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները։
«Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է շուտափույթ վերականգնվի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն բոլոր խնդիրները լուծելու համար»,-ասվում է գրառման մեջ:
Նշենք, որ Ադրբեջանին կոչերով ու հորդորներով ավելի վաղ դիմել էին նաև ԵՄ-ն, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Կիպրոսը, Կանադան և Հունաստանը, Նիդեռլանդները։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պետական նախարարը դեկտեմբերի 14-ից ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց անժամկետ նստացույց է սկսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով։ Այս գիշեր նրա հետ այնտեղ մնացել է ևս 15-20 մարդ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։