Հայկական ընկերությունները Ադրբեջանի հարձակման հետևանքով 20 միավոր տեխնիկա են կորցրել

Ճանապարհաշինական աշխատանքներ
Կառավարությունը վնասը դեռ չի գնահատել, բայց պատրաստ է փոխհատուցում տրամադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը կփոխհատուցի ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպություններին, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով։
Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում` ՀՀ ՊՆ–ին իրավունք վերապահելով վնասի փոխհատուցման մասին կետ ավելացնել այդ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում։

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՊՆ–ի պատվերով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող ընկերությունների տեխնիկան ռազմական գործողությունների հետևանքով հնարավոր չի եղել դուրս բերել ռազմական գործողությունների գոտիներից, և դրանք անցել են հակառակորդի տիրապետության տակ:

Պաշտոնական տվյալներով` հակառակորդի տիրապետության տակ է անցել 4 ՍՊԸ-ի պատկանող 17 միավոր տեխնիկա` 5 բուլդոզեր, 9 էքսկավատոր, 3 «Կամազ» ինքնաթափ։ Եվս 3 միավոր տեխնիկա (1 էքսկավատոր, 1 «Կամազ» ինքնաթափ, 1 ավտոկռունկ) վնասվել են հակառակորդի գնդակոծության հետևանքով։
Թե որքան գումար կպահանջվի նշված վնասը պետական միջոցների հաշվին փոխհատուցելու համար, կառավարությունում առայժմ չգիտեն, քանի որ գույքի գնահատման և փոխհատուցման հաշվարկն իրականացնելու է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ–ը:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։