Առնվազն տարօրինակ է որոշ բարեկամ երկրների լռությունը. Փաշինյանը` Լաչինի իրավիճակի մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք արձագանքել են Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի գործողություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Առնվազն տարօրինակ է որոշ բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքի հարցով։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և ԼՂ–ում հումանիտար աղետ հարուցելու` Ադրբեջանի քաղաքականությունը։ Պետք է արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք երկրների լռությունն այս առումով»,–ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ լիովին պաշտպանում է ՀՀ Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային իրավունքների գործարկումը։
Փաշինյանը նշեց, որ ԱԺ–ն նաև ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ է արել հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ։ ԱԳՆ–ին հանձնարարվել է ԱԺ–ի այս ուղերձն արդյունավետ կերպով հասցնել հասցեատերերին։
Վարչապետը հավելեց, որ մշտական կապի մեջ է ԼՂ նախագահի հետ` հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։